ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայ գյուղացու նորարարությունը հեռանկար կունենա՞

Հայ գյուղացու նորարարությունը հեռանկար կունենա՞
30.09.2008 | 00:00

ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
«Ես աստվածապաշտ մարդ եմ և ճիշտը կասեմ։ Իհարկե, ծրագիրը ներկայացնելուց հետո մի քիչ երկար ես սպասում որոշմանը, բայց չեմ կարող ասել, որ ծրագիրը շահելուց հետո ինչ-որ մեկին գումար ես թողնում, կամ ինչ-որ մեկը գումար է պահանջում։ Նման բան չկա»,- մեզ հետ զրույցում ասաց ոչ ավանդական մշակաբույսերի արտադրությամբ զբաղվող, փոքր ձեռնարկատեր ԳՆԵԼ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ, երբ նրանից փորձեցինք ճշտել «Մրցակցային դրամաշնորհային ծրագրի» կոռուպցիոն ռիսկերի հնարավորությունը։
Անցած շաբաթը գյուղատնտեսության ՓՄՁ ոլորտի համար կարևորվեց «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման» (ԳՁՓԱԳԶ) ծրագրի շրջանակներում կազմակերպված «Մրցակցային դրամաշնորհային ծրագրի իրականացումը Հայաստանում» վերտառությամբ համաժողովով։ Սովորականի նման համաժողովում հնչեցին գնահատականներ, կարծիքներ, արվեցին նոր առաջարկներ։ Սակայն ցանկացած խոսք-գնահատականից ավելին իրականությունն է։ Եվ երևի թե հենց այս տրամաբանությամբ համաժողովի վերջին օրը Մոսկվայի տանը կայացավ նշված ծրագրի մասնակիցների կողմից արտադրված գյուղմթերքների ցուցահանդես, որտեղ ներկայացված էին բազմաթիվ մշակաբույսեր՝ սկսած էկզոտիկից, վերջացրած տանձ ու խնձորով և բանջարաբոստանային մշակաբույսերով։ «Մենք մի քանի ընտանիքով՝ մեր բարեկամներով, հողերը միավորեցինք։ Ծրագրով շահեցինք 12 հազար դոլար, ինչը ներդրեցինք մշակաբույսերի զարգացման մեջ։ Ծրագրից շատ գոհ ենք և մեր արտադրանքը փորձում ենք սպառել սուպերմարկետներում»։ Կարելի է ասել, որ ասվածը ցուցահանդեսի մասնակիցների ամփոփ տեսակետն է, որին, ի դեպ, (առանց ձայնագրիչի), տեղեկացանք մինչ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանի այցը։ Այլ կերպ ասած, սա այն եզակի դեպքերից էր, որ մասնակիցների կարծիքը նույնն էր թե՛ անկեղծ զրույցներում, թե՛ ոլորտի պատասխանատուի հետ։ Եվ ինչպես մեզ հետ, այնպես էլ նախարարի հետ զրույցներում (նախարարն անցավ բոլոր տաղավարներով) ոլորտի որոշ գործարարներ նշում էին սպառման խնդիրը, ինչն առանձնակի նկատելի էր Տավուշի մարզի կարտոֆիլագործի խոսքում։ Նախարարը խոստացավ հնարավորության սահմանում լուծել խնդիրը։ Եթե այս դեպքում գործարարն ինքը դիմեց նախարարին, ապա կտավատի ձեթ, ծիրանի խտացված հաբեր, մեղրից ստացված տարբեր կենսահավելումներ արտադրողներին, ինչպես նաև փասիանների, պեկինյան բադերի և տոհմական ցուլերի տեսակների զարգացմամբ զբաղվող ձեռնարկատերերին նախարարն անձամբ հորդորեց զարգացնել ոլորտը՝ խոստանալով իր աջակցությունը գործարար կապերի հաստատման ուղղությամբ։
Ինչևէ, «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության» ԾԻԳ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանից փորձեցինք ճշտել՝ ո՞րն է ծրագրի բուն նպատակը, և որքա՞ն գումար է տրամադրվում յուրաքանչյուր ձեռնարկատիրոջ. «Մրցակցային դրամաշնորհային ծրագրի նպատակն է օժանդակել ֆերմերների խմբի ներկայացրած նորարարական առաջարկություններին և իրականացնել դրանք, ինչպես նաև զարգացնել գյուղական ձեռնարկությունների կարողությունները, մրցունակությունը, շահութաբերությունը,- ասաց ԾԻԳ-ի տնօրենը։- Ծրագիրը տրամադրվում է մրցութային կարգով՝ ելնելով հետևյալ չափորոշիչներից՝ գյուղական բիզնեսի կառավարում, բարելավում, զարգացում, շուկայավարման արդյունավետ մեթոդների կիրառում։ Հաշվի են առնվում նաև նոր բարձրարժեք մշակաբույսերի զարգացումն ու տարածումը Հայաստանում»։ Ըստ ծրագրի, նախատեսվում է յուրաքանչյուր հետաքրքիր առաջարկի հատկացնել 8-20 հազար դոլար, որը կարող է տատանվել ըստ ներկայացված ծրագրի արժեքի։ Նշենք, որ ԳՁՓԱԳԶ ծրագրի ընդհանուր արժեքը 26 մլն դոլար է, որից 20 մլն դոլարը տրվում է ՀԲ-ի վարկային միջոցների, իսկ 6 մլն դոլարը՝ ՀՀ բյուջեի և շահառուների համաֆինանսավորումների հաշվին։ Ըստ Գագիկ Խաչատրյանի, ծրագիրը նպատակ ունի զարգացնել գյուղատնտեսության մի քանի ոլորտներ՝ սերմնաբուծության կարողությունների զարգացում, գյուղական համայնքների զարգացում (գազիֆիկացում, խմելու և ոռոգման ջրերի, ենթակառուցվածքների վերականգնում ու կառուցում), գործարար կապերի ամրապնդում և այլն։ Նկատենք որ «Մրցակցային դրամաշնորհային ծրագիրը» ԳՁՓԱԳԶ ծրագրի բաղադրիչներից մեկն է։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 10086

Մեկնաբանություններ